Մայիսի 11-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Վ. Ա. Մոցարտի «Սոնատ դո մաժոր», Ֆ. Շոպենի «Պոլոնեզ-ֆանտազիա», «Օրորոցային», Ռ. Շումանի «Կրեյսլերիանա» ստեղծագործությունները:
Անվանի դաշնակահարին մամուլը «մոգական» է կոչել, իսկ նրա երաժշտական աշխարհը՝ «անուրանալի անհատականություն», «դաշնամուրային հրաբուխ»: Ս. Նավասարդյանը համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա, Եգիպտոս, Քուվեյթ և այլ երկրներ:
Միջազգային հռչակ ու ճանաչում վայելող արվեստագետի երաժշտական կենսագրությունը լի է նաև անվանի երաժիշտների հետ համագործակցության բազմաթիվ դրվագներով՝ Եվգենի Սվետլանով, Վալերի Գերգիև, Կառլ Էտտի, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Էլիսո Վիրսալաձե, Եվգենի Կիսին, Վլադիմիր Սպիվակով, Յուրի Բաշմետ և այլք: Նրա մեկնած երկերի ցանկը ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված վաթսուն կոնցերտ, այդ թվում՝ Բախի, Մոցարտի և Բեթհովենի բոլոր կոնցերտները, մոնոգրաֆիկ մենանվագային ծրագրեր: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանը վարպետության դասեր է վարում աշխարհով մեկ: